«Թեղուտ» ՓԲ ընկերությունը տնտեսական գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության բնագավառում՝ իրականացնելով Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման ծրագիրը:

Լեռնահանքային համալիրը կառուցվում է և գործելու է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հիման վրա: Հանքավայրի հայտնաբերմանը և պաշարների հաստատմանը հանգեցրած երկրաբանահետախուզական աշխատանքները մեկնարկել են 1972 թ.: Պաշարները հաստատվել են 1991թ. ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից:

«Վալլեքս» խմբի ընկերությունները հանքավայրի շահագործման արտոնագիրը ստացել են 2001 թ.՝ մրցութային կարգով: 2005 թ. իրականացվել է շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատումը և կազմվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ, որը ներկայացվել է փորձաքննության՝ ՀՀ բնապահպանության նախարարություն: ՇՄԱԳ-փաստաթղթի բովանդակության հիմնական մասը ներառվել է հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծում՝ որպես բնապահպանական մաս: Նախագիծը ևս ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության: Այն նաև ներկայացվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության: Բոլոր փորձաքննությունների արդյունքները եղել են դրական:

2014 թ. դեկտեմբերի 20-ին ազդարարվել է լեռնահանքային համալիրի արտադրական գործընթացի պաշտոնական մեկնարկը: Կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասն ուղղվել է լեռնային տեխնիկա, ֆաբրիկայի և այլ սարքավորանք ձեռք բերմանը, շինարարական-մոնտաժային, մակաբացման և այլ նախապատրաստական աշխատանքներին, բնապահպանական միջոցառումների իրականացմանը:

Համալիրի հիմնական համակարգային միավորներն են բացահանքը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչանքային տնտեսությունը: